Կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 

«Մրցաշրջան 2013» տարվա լավագույն մարզիկների պարգևատրման պաշտոնական արարողությունը: Մարզիկների մեծարման և պարգևների հանձնման հանդիսավոր երեկոյին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Գյուղատնռտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և օրենսդիր մարմնի մի շարք պատգամավորներ:

Հրավիրյալների շարքում էին նաև մտավորականներ, Ազգային ֆեդերացիաների նախագահներ, մարզաշխարհի՝ հարյուրից ավելի ներկայացուցիչներ ու մարզական լրագրողներ:

Միջոցառման բացումն իր ողջույնի խոսքով ազդարարեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը այնուհետ խոսքը փոխանցեցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Վիգեն Սարգսյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ ծննդյան պայծառ տոների առթիվ, բարեմաղթեց գալիք տարին մեր երկրի համար այցեքարտ համարվող մարզական նվաճումների համար լինի բարեբեր:

Վիգեն Սարգսյանը սպորտի ոլորտում մատուցած բացառիկ ծառայությունների համար մեդալներ հանձնեց՝

Ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանին, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանին և ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանին:

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին խրախուսական նվերներ անձամբ հանձնեց մարզական լրագրողների քվեարկությամբ 2013 թվականի «Մարզիկների տարվա լավագույն տասնյակում» տեղ գտած տղաներին:

Նշենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից առաջինն անգամ անցկացված հարցման արդյունքներով Հայաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Աշխարհի առաջնության մրցանակակիրներ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Ռոման Ամոյանը:
Լավագույն տասնյակի հաջորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (5-րդ հորիզոնական), ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը (6-րդ հորիզոնական) և Հենրիխ Մխիթարյանը (7-րդ հորիզոնական), ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը (8-րդ հորիզոնական), համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (9-րդ հորիզոնական) և բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արամ Ավագյանը (10-րդ հորիզոնական)։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ջերմորեն շնորհավորեց լավագույն մարզիկներին, մաղթեց նորանոր հաջողություններ ու մարզական ձեռքբերումներ:

Լավագույն տասնյակի պարգևատրման արարողությանը հաջորդաբար հետևեց նախարարության կողմից կոչումների շնորհումը: Մասնավորապես Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում շնորհեց մարզաշխարհի մի խումբ նվիրյալների՝

1. Հովիկ Սերգեյին Սոֆոյանին
2. Էդուարդ Սուրենի Սահակյանին
3. Գագիկ Մուշեղի Խաչատրյանին
4. Ռոբերտ Ռուբենի Մինասյանին
5. Սամվել Պարույրի Մուրադյանին
6. Գառնիկ Սաշայի Հայրապետյանին
7. Արմեն Ալեքսեյի Պապյանին
8. Գրիգոր Ազատի Սիմոնյանին
9.Ալեքսան Մարտինի Նավասարդյանին
10. Շուշանիկ Վլադիմիրի Հարությունյանին
11. Գագիկ Վաչիկի Սարոյանին
12. Հակոբ Կարլենի Աբրահամյանին
13. Յուրա Արտաշի Ներսիսյանին
14. Աշոտ Դավիթի Մուրադյանին
15.Սամվել Սերգեյի Աղանյանին
16. Նորիկ Մովսեսի Հովսեփյանի
17. Համլետ Հարությունի Հարությունյանին
18 Թաթուլ Միքայելի Շահինյանին
19. Վլադիմիր Միխայելի Ավագիմյանցին

Յուրի Վարդանյանը նախարարության շնորհակալագրեր հանձեց
Սամբոյի աշխարհի չեմպիոն Արևիկ Կարապետյանին և նախարարության մարզադպրոցների բաժնի պետ Սամսոն Հակոբյանին:


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին