ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ամփոփել է 2013 թվականը: Նախարարը ներկայացրեց, որ պետական բյուջեով իրենց հատկացվել է 2 158.6 միլիոն դրամ, սակայն տարվա ընթացքում եւս 246.8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորել է նաեւ ծախսային տողերով: Իսկ 2014թ. համար պետական բյուջեից բնապահպանության նախարարությանը հատկացվելիք գումարի չափն ավելացվել է, ինչը նախարարը պայմանավորեց աշխատավարձերի բարձրացմամբ:
Տարեվերջյան ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձավ իրենց գերատեսչության կատարած աշխատանքներին, խոսեց Սևանա լճի ձկնատեսակների, որսագողության և ձկնագողության մասին, ինչպես նաև` անդրադարձավ ՀԷԿ-երի խնդիրներին:
Խոսելով որսագողության եւ ձկնագողության մասին, նախարարը հայտարարեց, որ բազմաթիվ արձանագրություններ են կազմվել և գործեր հարուցվել: Նա նշեց, որ այդ երեւույթները առկա են, եւ իրենք կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նախարարն անդրադարձավ «Բնապահպանության եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր դրսեւորած պահվածքին: Հիշեցնենք, որ այս օրենքի քննարկման ժամանակ պատգամավորները դժգոհեցին, որ նախարարը կոպիտ պատասխաններ է տալիս:
«Ես եւս մեկ անգամ համարում եմ, որ այստեղ եղել են աշխատանքային քննարկումներ, եւ հանուն ազնվության պետք է ասեմ, որ նաեւ ինքս արեցի ամեն ինչ, որպեսզի վերադառնանք քննարկման դաշտ եւ մենք քննարկման դաշտում ենք եղել: Կարծում եմ որևէ նստվածք չի մնացել»: Իսկ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվում է ձկնաբուծության բիզնեսով, բնապահպանության նախարարը հերքեց, նշելով, որ ԱԺ նախագահը բազմիցս օգնել է իրենց և դա է վկայում նաև քվեարկությունը: