Այս պահին դեռևս ընթանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսը: Վարչապետն ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին և անդրադարձավ մի քանի կարևոր հարցերի:
Անդրադառնալով գազի պայմանագրերին, վարչապետը նշեց, որ դրանք հաջող պայմանագրեր են ՀՀ-ն ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն:
«Մենք երաշխավորված ենք, որ գազի գնի տատանումներ չեն լինի: Գազի գինը ձեւավորվելու է` ինչպես ՌԴ-ի ներքին սպառողի համար: 30 տոկոս մաքսատուրք չի լինելու», - նշեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու նախօրոք չէր հայտարարվում գազի գնի մասին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ Գազպրոմի կողմից բարձր գին էր առաջարկվում, ինչն իրենց համար անընդունելի էր: «Այդ բեռը պետք է դրվեր քաղաքացիների վրա, և մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ: Մեզ բարձր գին էր առաջարկվում, ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար, որը հասկանալի է, որ մեզ համար անընդունելի է: Բանակցությունները ավարտվեցին միայն այս տարի, երբ մենք եկանք համաձայնության», - պարզաբանեց վարչապետը:
Խոսելով իրանական գազի եւ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների մասին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ վերջին 3 տարում Իրանը մշտապես խնդիր է դնում իրենց առջեւ, որ գազի գինը պետք է թանկացնել: «Դեսպանի հայտարարությունները դիվանագիտական վրիպակ են», - հայտնեց նա: