Հնդկաստանի բնակչուհին որոշել է վերադառնալ ամուսնու մոտ այն բանից հետո, երբ վերջինս դատարանում խոստացել է նրան զուգարան կառուցել տանը:

Այս մասին հայտնում է The Hindu-ն: 30 տարեկան Դևկարան Մալվիայի սանհանգույցը կառուցելու է մինչև հունվարի 10-ը: Այդ օրը նշանակված է դատարնի հաջորդ լսումը: Թե երբ կինը կվերադառնա տուն, չի նշվում:

Մալվիան և նրա կինը` Սավիտան, միասին չեն ապրում արդեն շուրջ երեք տարի, սակայն շարունակում են ամուսնացած մնալ: 27 տարեկան Սավիտան, ով ամուսնուց հեռացել է ծնողների մոտ, Դևկարանին դատի է տվել՝ պահանջելով ամսական նյութական օժանդակություն տրամադրել իրեն: Դատական լսումների ժամանակ նա բացատրել է դատարանին, թե ինչու է հեռացել ամուսնուց:

Կնոջ խոսքերով, իրեն դուր չի եկել այն հանգամանքը, որ տանը նորմալ զուգարան չի եղել և նա ստիպված է եղել իր կարիքները հոգալ փողոցում: Դա, ինչպես նշել է Սավիտան, ստորացուցիչ է և ամոթալի: