2014-ին սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսված են երեք գերակա ուղղություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

Ըստ այդմ, առաջինը վերաբերում է զբաղվածության նոր մոդելի ներդրմանը:
Նախորդ տարի ԱԺ-ում քննարկվեց և ընդունվեց “Զբաղվածության մասին” նոր օրենքը, համաձայն որի նախատեսված է 2014-ին մեկ տասնյակից ավել զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացում և աշխատաշուկայում մրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման ծրագրեր:

«Երկրորդ գերակա ուղղությունը ինտեգրված սոցիալական համակարգի ներդրման շարունակությունն է, մասնավորապես նախատեսվում է 2013-ին արդեն իսկ ձևավորված շուրջ 18-19 մեկ պատուհանում գործող կենտրոնները ավելացնել առնվազն ևս 10-ով: Նախատեսվում է նաև իրականացնել սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման շարունակությունը»,- տեղեկացրեց նախարարը:

Իսկ երրորդ ուղղությունը հաշմանամության սահմանման նոր մոդելի ներդրումն է, որը նշանակում է սուբյեկտիվ մոտեցումների նվազեցում, նոր չափորոշիչների հաստատում, ինչը թույլ կտա իրականացնել անձի բազմակողմանի կարիքների գնահատում և այդ գնահատված կարիքների հիման վրա սոցիալական աջակցության համապատասխան ծրագրերի իրականացում: