Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգի առաջին իսկ հարցով գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը և 77 կետից բաղկացած գերակա խնդիրները, 2014թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները:
Նիստում քննարկվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար:
Կառավարությունը քննարկել է այս նախագիծն ու որոշել, որ պետք է բացասական եզրակացություն տա, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: