Նախորդ տարվա վերջին օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ և քննադատեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը:

Մինչ շատերը քննադատում, մեկնաբանում և վերլուծություններ են անում Ռոբերտ Քոչարյանի վարչապետին ուղղված քննադատությունը, ՀՀ երկրորդ նախագահը տոնական օրերին շտապել է զբաղվել իր սիրած սպորտաձևով:

YerevanNews.am-ի տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տոնական օրերին այցելել է Ծաղկաձոր:

Գաղտնիք չէ, որ իր նախասիրություններով Ռոբերտ Քոչարյանը սպարտացի է` առողջ հոգի առողջ մարմնում և նրա նախընտրելի սպորտաձևերից է դահուկային արագավազքը: Բայց ՀՀ երկրորդ նախագահը, բացի իր սիրած սպորտաձևով զբաղվելուց, նա նաև հանդիպել և զրուցել է տեղի մի քանի բնակիչների հետ:

Այստեղ պետք է նկատենք, որ նախկին նախագահը պաշտոնավարումից հետո երբեք չի ցանկացել շփվել հասարակության հետ, առավել ևս զրուցել նրանց հետ ներկայիս իշխանություններից և երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, բայց արի ու տես, որ այս անգամ Ռոբերտ Քոչարյանն առիթը բաց չի թողել և հանգիստը վայելելու հետ միասին շփվել է նաև ծաղկաձորցիների հետ:

Ինչպես YerevanNews.am-ին պատմեցին տեղացիները, ՀՀ երկրորդ նախագահն այս անգամ մեծ սիրով զրույցի է բռնվել իրենց հետ, կիսվել իր մտահոգություններով և լսել նրանց խնդիրները:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ նախկին նախագահը սկսեց հայտնվել հասարակությունում այն ժամանակ, երբ բուռն քննադատություններ են հնչում ՀՀ վարչապետի վարած կառավարության հասցեին, հատկապես այն դեպքում, երբ ժամանակն է, որ վարչապետը պարզաբանի ՀՀ նախագահին, թե ինչու երկրում տնեսական աճ չի ապահովել:

Հետևաբար կարելի է ենթադրել, որ 2014թ քաղաքական առումով բավականին ակտիվ տարի է լինելու և այս տարի հատկապես սուր է լինելու պայքարը վարչապետի աթոռի համար: Իսկ վարչապետի աթոռի հավակնորդի դերում այս պահին շրջանառվում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը:

Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը ուղղված ՀՀ վարչապետին կարդացեք այստեղ

Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին կարդացեք այստեղ: