Բանդայի գործը ժամանակի ընթացքում դարձավ հայ իրականության գլխավոր թեմաներից մեկը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Պարբերաբար հետևելով դատական նիստերին, քրեագետը տեսել է բանտարկվածների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը:
«Նույնիսկ նախագահի դեմ մահափորձ կատարած անձանց այդպես չեն բերում դատարան», - նշեց նա, մանրամասնելով, որ դատական օրերին փակվում էր դատարանին հարող փողոցը և ազդանշանները միացվում էին սովորականից ավելի բարձր ձայնով:
Նրա խոսքերով, բանդայի գործը ոտքից գլուխ շինծու գործ է:
«Այո, նրանք տներ են թալանել, բայց զարմանալին այն է, որ ոչ մեկ չեն գալիս դատարան, նույնիսկ դատավորի պահանջից հետո: Ու՞ր են այդ թալանված մարդիկ», - նշեց նա:
Ասուլիսի ընթացքում բանախոսը պատմեց դատական նիստերից մեկում տեղի ունեցած մի դեպքի մասին:
«Ներս մտավ Սուրիկ Հակոբյանի տղան և ասեց, չեք տեսնում այնպես են ծեծել, որ ինչ ասում եք, ընդունումա: Սա այնպիսի հայտարարություն է, որը անպայման պետք է քննվեր, բայց այդպես չեղավ», - նշեց նա:
Քրեագետը չի ընդունում և սխալ է համարում նաև ամբողջ նախաքննությունը, քանի որ այն սխալ է արված:
«Արտուշ Հակոբյանին ձերբակալել են ռեստորանում՝ դեպքի հաջորդ օրը: Իրեն բերել են ոստիկանական բաժանմունք, մեքենան թողել են այլ տեղ և հետո հետախուզել են առանց վերջինիս ներկայության և հայտնաբերել ատրճանակ և փոքր քանակի թմրանյութ: Ուղղակի ծիծաղելի է», - մանրամասնեց նա:
Սերգեյ Գալոյանի խոսքերով, ստեղծված իրավիճակը կարող է փոխել միայն ճիշտ նախաքննությունը, որը ազդեցություն կունենա նաև բանդայի բոլոր անդամների ճակատագրերի վրա:


