«Վարդան Պետրոսյանի գործով վերահսկող դատախազը, որը բացատրություն է տվել ՀՔԾ-ում, որ ինքը թյուրիմացաբար է նշել, որ քննիչը մինչև ձերբակալումը այցելել է Վարդան Պետրոսյանի բնակարան և գյուղ, պարզվեց, որ դիմում է գրել աշխատանքից ազատվելու և այս գործով նոր դատախազ է նշանակվել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Այդ մասին նա տեղեկացել է այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստի ընթացքում, որին, ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, չէր ներկայացել նաև գործի քննությունը վարող քննիչը:
Հիշեցնենք` այսօր դատարանը պետք է քններ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշման վերանայման հարցը: Սակայն որոշում չի կայացվել, քանի որ, ինչպես նախօրոք հայտարարել էր Նիկոլայ Բաղդասարյանը, նա դատավորին բացարկ է հայտնել: Ի դեպ, այս հարցի առնչությամբ փաստաբանն այսօր հերթական խախտումն է արձանագրել դատավորի գործողություններում: Նրա դիտարկմամբ` դատավոր Յու.Բաղդասարյանը խորհրդակցական սենյակ գնալու փոխարեն ուղղակի հեռացել է դատարանից:
«Դատավորին հայտնած իմ բացարկից հետո, դատավորը հայտնեց, որ որոշումը կհրապարակի երկուշաբթի` ժամը 10:55-ին, երբ օրենքով ինքը պիտի խորհրդակցական սենյակում նման որոշում գրեր և գրությունով դուրս գար: Բայց մենք նկատեցինք, որ ինքը խորհրդակցական սենյակ գնալու փոխարեն, աշխատանքային ժամը դեռ չավարտված, դուրս եկավ դատարանի շենքից»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ