ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասելով.
Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի։ Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը։ Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից։
Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք՝ մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում։
Անկեղծ ասած՝ Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին։ Բայց նման ոչ մի բան, փոխարենը՝ օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով։ Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել։ Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում։