Նախորդ տարին, գործունեության առումով, բավականին բարդ էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի համար, քանի որ տնտեսական ցուցանիշները բավականին տխուր էին,բացի դրանից մի շարք սկանդալային երևույթներ եղան, որոնք անուղղակի կերպով բացահայտեցին կառավարության գնումների վերաբերյալ տխուր փաստերը՝ օֆշորային սկանդալ, գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացում, Մաքսային միություն:

Այսպիսի նախաբանով YerevanNews.am-ին մեկնաբանեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկը մյուսին ուղված քննադատությունները:

«Այս ամեն ինչը կուտակված էր և սլաքն ուղղված էր դեպի վարչապետը և նա որոշում կայացրեց, որ հանդս կգա ամփոփիչ ասուլիսով և կպատասխանի բոլոր հարցերին: Այդ հարցերին պատասխանելիս, նա ճգնաժամի պատճառ համարեց 2008թ., այսինքն մինչև այն պահը, երբ նա նշանակվել էր վարչապետ: Սա մեսսիջ է այն մասին, որ գործող վարչապետը փորձում է այս խնդիրները բարդել հին կառավարության վրա և քանի որ մի քանի անգամ է ասել, դա խիստ զայրույթ է առաջացրել ՀՀ երկրորդ նախագահի մոտ»,-իր խոսքում ասաց քաղաքագետը և հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին պատասխանը բավականին կոշտ էր:

«Ռոբերտ Քոչարյանի ջղայնությունը կապված է որոշ խնդիրների հետ: Իր կառավարման տարիներին, փաստորեն, վարչապետը լռել է շինարարության փուչիկի մասին: Տիգրան Սարգսյանն այժմ ասում է մի բան, որը մերժում էր այն ժամանակ: Այդ պատճառով էլ Քոչարյանի գնահատականները սուր էին»-ասաց Երվանդ Բոզոյանը:
Հարցին, թե ի վերջո ինչի՞ կարող է հանգեցնել Ռ. Քոչարյան-Տ. Սարգսյան բանավեճը, քաղաքագետը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ Քոչարյանը կարող է շարունակել իր տեսակետներն արտահայտել հանրությանը հուզող խնդիրների շուրջ, որպեսզի տարբերվի գործող իշխանություններից: ՀՀ երկրորդ նախագահն իր այս գնահատականներով շեշտում է, որ մերժում է այս վեց տարվա քաղաքական պուլսը: Նա միգուցե հեռահար նպատակներ է հետապնդում և նա այսօր փորձում է տարանջատվել տնտեսական կուրսից»:

Մեր դիտարկմանը, թե հեռահառ նպատակների մեջ կարո՞ղ ենք տեսնել Ռոբերտ Քոչարյանի վարչապետի պաշտոնին, Երվանդ Բոզոյանն ասաց. «Մենք ապրում ենք 2014թ-ում և այսօր մեր օրակարգում չկա նման հարց, որովհետև չկան ընտրություններ: Նրա վերադարձի մասին խոսելը դեռ վաղ է»: