Քաղաքական տարին ակտիվ է սկսվել, հատկապես Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճով: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այսպես սկսեց իր խոսքը Ժառանգություն կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Քոչարյանը դիմում էր վարչապետին, սակայն երեկ արդեն նա նշեց, որ այլևս չի խոսի վարչապետի հետ, տեսնենք թե հաջորդ անգամ նա ում հետ կխոսի՝ միգուցե նախագահի», - նշեց նա:
Սաֆարյանի խոսքերով, այժմ երեք նախագահներն էլ ակտիվացել են:
«Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ գարնանը կատկիվանա , սակայն չի մասնակցի ընտրությունների արդեն տարիքի պատճառով: Իսկ Քոչարյանը սկսել է արդեն վարչապետի հետ հեռակա բանավեճով», - նշեց նա:
Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճը Սաֆարյանը որակեց որպես «իրար վրա ցուցմունք տալ»: Նրա խոսքերով, մեկը մյուսին մեղադրում է շինարարության «փուչիկը» փչելու մեջ, մյուսն էլ այն ծակելու մեջ:
«Այն նման է «Վինի թուխի» հեքիաթին և անկեղծ ասած ժողովրդին այնքան էլ հետաքրքիր չէ, թե ով է փչել կամ պայթեցրել այն», - նշեց նա: Սաֆարյանը նշեց, որ 2013թ. հունվարի 15-ին Քոչարյանը նույնպես ակտիվացել էր և երկու մեսսիջ էր ուղարկել:
«Առաջին, որ պայմաններ կան իմ վերադարձի համար, սակայն ես չեմ վերադառնում, որովհետև դա էթիկապես գեղեցիկ չէ իմ ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, սակայն միևնույն ժամանակ խորհուրդ տվեց փոխել վարչապետին, քանի որ վերջինս չի կարող ապահովել կայուն տնտեսական աճ: Ընտրություններն ավարտվեցին և արդեն Սերժ Սարգսյանը վարչապետի առջև խնդիր դրեց», - նշեց նա:
Սակայն վարչապետի աթոռի թեկնածուների անուններ բանախոսը չնշեց, հավելելով, որ շրջանառության մեջ Քոչարյանի անունը այնուամենայնիվ նշվում է: