Ինձ համար մարդկայնորեն տհաճ է, երբ արդեն երկու անգամ իմ անունը դառնում է շրջանառության առարկա: Անդրադառնալով այն լուրերին, թե տեղի է ունեցել Փոստանջյան-Սաֆարյան բանավեճ, նշեց Ժառանգության կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Իրավունք թերթը գրել է, թե տոնական օրերին դաժան վեճ էր ծագել խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի միջև:

«Երկու անգամ էլ իմ անունը դարձել է շրջանառության առարկա, մի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանից հետո, մյուս անգամ այս ժամանակ: Իմ անունը կուսակցության ներսում չի շրջանառվել, նման խոսակցություններ չեն եղել, ինձանից առաջ այս պահին անձ կա և դրված չէ Ստեփան Սաֆարյանի խորհրդարան մտնելու-չմտնելու հարցը», - պարզաբանեց նա:

Սաֆարյանի խոսքերով, կուսակցության վերջին նիստում միայն քննարկվել է Թևան Պողոսյանին ետ կանչելու հարցը: «Բոլոր խոսակցությունները միայն երևակայության արդյունք են», - նշեց նա, հավելելով, որ իր համոզմունքով Թևան Պողոսյանը չի հրաժարվի իր մանդատից:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի բացակայության ժամանակ խմբակցության հնարավոր ղեկավարին, ապա Սաֆարյանը նշեց, որ Թևան Պողոսյանի մնալու դեպքում, կանոնադրության համաձայն ժամանակավորապես նա կղեկավարի խմբակցությունը: