«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, ՀՅԴ-ն որոշել է, որ ՀՅԴ համամասնական ցուցակով 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մանուկյանն է պատգամավոր դառնալու Վահան Հովհաննիսյանի փոխարեն, ով Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվեց վերջերս: Միքայել Մանուկյանը կլրացնի ՀՅԴ 5 հոգանոց խմբակցությունը: Հայտնի է, որ նա Օպերայի թատրոնի շենքին հարակից «Մեղեդի» սրճարանի սեփականատերն է եւ ՀՅԴ ցուցակով պատգամավոր է եղել նաեւ նախորդ գումարման խորհրդարանում: Ուշագրավն այն է, որ Միքայել Մանուկյանը նախկինում աչքի չի ընկել պատգամավորական ակտիվ գործունեությամբ, օրենսդրական նախաձեռնություններ չի հեղինակել, ԱԺ ամբիոնից ելույթներ նույնպես չի ունեցել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժամանակը» երեկ զրուցեց նոր պատգամավորի հետ:

Պարոն Մանուկյան, ի՞նչ եք պատրաստվում անել խորհրդարանում, քանի որ նախորդ խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեք եկել, ելույթ չեք ունեցել: Ձեր կարծիքով՝ ինչու Դաշնակցությունը հենց Ձեզ ընտրեց:

Իմ հերթն ա, ՀՅԴ-ն ինձ ընտրեց:

Լավ, պարոն Մանուկյան, ի՞նչ եք պատրաստվում անել խորհրդարանում:

Բազմաթիվ աշխատանքներ կան, կփորձեմ ակտիվ լինել:

Իսկ կա՞ կոնկրետ խնդիր, որի վերաբերյալ Դուք ուզում եք գնաք եւ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնեք:

Այս պահին՝ ոչ:

Պարոն Մանուկյան, նաեւ հետաքրքիր է Ձեր կարծիքն իմանալ, թե ինչո՞ւ է Դաշնակցությունն ընտրում հատկապես գործարար պատգամավորներին: Դուք 9-րդ համարն եք ցուցակով:

Ինձանից առաջ մարդիկ չկային, 9-րդ համարը իմ հերթն է: Նախկինում հրաժարվողներ եղել են, հիմա Վահանից հետո ես եմ:

Իսկ կարելի՞ է իմանալ՝ նախկինում ինչու օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք եկել:

Ուրիշ հարցերով եմ զբաղվել, ավելի կազմակերպչական` կուսակցությունում:

Նաեւ քաղաքական հարցերի շուրջ խոսենք, պարոն Մանուկյան: Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին ի՞նչ կարող եք ասել: Ո՞վ է ավելի արժանահավատ, Ձեր կարծիքով:

Վայ...թող վիճեն, ինչ պիտի ասեմ: ...Տեղս հարմար չի, չեմ կարող հեռախոսով պատասխանել ձեր հարցերին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում