«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից՝ հունվարի 27-ին, մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի կենտրոնում կրկին Հայաստանն է լինելու։

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին կազինոների վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի տված սկանդալային հարցից հետո փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը։ ԱԺ նախագահը Փոստանջյանին փոխարինել էր ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանով։ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու է հայկական պատվիրակության նոր կազմը։ Սակայն Զարուհի Փոստանջյանը եւս գտնվելու է Ստրասբուրգում։ Նրան հրավեր էր ուղարկվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության կողմից, որի անդամ է Փոստանջյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ակնարկել էր, որ ԵԽԽՎ-ն կարող է վիճարկել հայկական պատվիրակության լեգիտիմությունը։ Նա իրեն պատվիրակությունից հեռացնելու հարցով դիմել էր նաեւ ԵԽԽՎ բյուրոյին։ Ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, եթե նստաշրջանի մեկնարկի ժամանակ տասը պատգամավոր ոտքի է կանգնում եւ հայտարարում, որ վիճարկում է տվյալ պատվիրակության լեգիտիմությունը, հարցը դառնում է նիստի քննարկման առարկան։

Ըստ մեր տեղեկությունների, Զարուհի Փոստանջյանին հաջողվել է պայմանավորվել ԵԽԽՎ տասը պատգամավորների հետ, ովքեր համաձայնել են նիստի մեկնարկին ոտքի կանգնել եւ բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը։ Ենթադրվում է, որ բավական թեժ քննարկում է տեղի ունենալու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում