2rd.am-ը գրում է.
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և
2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա
են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և
ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել
դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի
կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի
մտահոգություններն ու գնահատականները, ինչպես նաև երկրի առաջ ծառացած
հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային տեսակետ հայտնելու բուն փաստը: Սա
պատահական չենք համարում, հաշվի առնելով թե բարձրացված հարցերի
արդիականությունը մեր երկրի համար, թե հանրության աճող հետաքրքրությունը
Ռոբերտ Քոչարյանի կողմից պարբերաբար հնչեցվող հիմնավոր ու կշռադատված
մոտեցումների նկատմամբ:
 
Ի դեպ, 2rd.am կայքի՝ նախագահ Քոչարյանին ուղարկված 7 հարցերից 3-ը դեռ
սպասում են իրենց պատասխաններին, ուստի առաջիկայում պետք է սպասել նոր
հարցազրույցի: Բնականաբար, նշված հարցազրույցները հեշտ կանխատեսելի
հասցեներից քննադատության արժանացան: Դրանց մեծ մասին արձագանքելն ուղղակի
ավելորդ ենք համարում: Թե հեղինակների անձը և թե նրանց արտահայտած մտքերի
արժեքն այնպիսի բարոյական կատեգորիաների են պատկանում, որ դրանց
պատասխանելը պարզապես արժանապատվության հետ խնդիրներ կառաջացնեին: Հարկ է ընդգծել նաև, որ քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության,
ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ:
Կամ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել,
կամ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն
շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել:
 
Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերևս ամենավառ օրինակներից
է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն "բացահայտումը", թե Ռոբերտ
Քոչարյանը այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե
հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և
Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա
պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու
համար: Այսպիսին է մեր արձանագրած ընդհանուր պատկերը: Մենք շարունակելու
ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝
արձագանքելու նախագահ Քոչարյանի հարցազրույցների շուրջ ծավալված
քննարկմանը:
 
Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին:
 
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ