«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ, չնայած վերջինիս հետ ունի անմիջական «կապվելու» հնարավորություններ։ Նրան ասում են՝ այսօր-վաղը։ Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա հասարակական լայն աջակցություն, իրենք «կվերանայեն հարցը»։
Հունվարի 18-ին կուտակայինի առնչությամբ կազմակերպված ցույցը, որին մասնակցելու են նաև ՀԱԿ-ը՝ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», մեծ քննություն է լինելու Քոչարյանի համար՝ միտինգն ինչ «թիվ» լինելու առումով. արվելու է ամեն ինչ, որ Ռուսաստանն ու Հայաստանը «թիվ» տեսնի։
Ի դեպ, Քոչարյանի օպոնենտ Տիգրան Սարգսյանը, ըստ ամենայնի, առաջիկայում կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու իր պաշտոնակցի, գուցե նաև Պուտինի հետ։ Հանդիպման մասին խոսել էր նաև Մեդվեդևը՝ Ամանորի առիթով Տիգրան Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։