ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կառավարության հասցեին հնչեցրած քննադատություններին:
-Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ «Հայռուսգազարդ»-ի պայմանագիրը շատ ավելի լավն է, քան 2002-ին կնքված «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը: Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին:
-Տնտեսական տեսանկյունից դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են և դժվար է նման դեպքերում գնահատել: Եթե ընդհանուր սեփականաշնորհման գործընթացը վերցնենք և փորձենք գնահատականներ տալ` որն էր ավելի լավ և որը վատ, կարծում եմ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր կփորձեն նման գնահատականներ տալ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին` կառավարության և վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչած քննադատություններին:
-Քննադատությունները նորմալ բան են: Բարձրաձայնած շատ խնդիրների, եթե առանձին-առանձին նայեմ՝ կարող եմ ասել, որ կան բաներ, որոնք ինձ համար դժվար է գնահատելը, սակայն կան բաներ, որոնք կարող եմ գնահատել: Օրինակ` ՀՀ-ում կամ որևէ այլ երկրում շինարարության 25 տոկոս մասնաբաժին անհնարին բան է, որպեսզի երկարատև կամ անգամ միջնաժամկետ հեռանկար ունենա:
-Փաստորեն` դա փուչի՞կ է:
-Ամենածանր բանը հենց այն է, որ կիրառվում են փուչիկ և այլ նմանատիպ բառեր` ասես վիրավորանք լինի: Խնդիրն այն չէ, որ մեկը փչել է այդ փուչիկը կամ նման բան է եղել: Այնուհանդերձ պետք է փաստերը գնահատվեն, և այդ տեսանկյունից անհնարին է, որ 25 տոկոս մասնաբաժինը պահպանվեր և դեռևս 2006-2007թթ. այդ թվում նաև իմ կողմից գնահատվում էր, որ շինարարությունում պետք է բացասական աճ լինի:
-Երկրորդ նախագահի բարձրացրած գնահատականներից որոնո՞ց հետ եք համաձայն:
-Ակնհայտ է, որ ՀՀ-ում հիփոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որպեսզի մենք կարողանանք ասել, որ դրանք ազդում են շինարարության ոլորտում, ինչպես նաև ծավալները շատ են: Սակայն կարծում եմ, որ տոկոսադրույքները թույլ չեն տալիս, որպեսզի ՀՀ-ում զարգանա հիփոթեքի շուկան: Խնդիրների ներկայացումը մի բան է, տնտեսագիտական գնահատականները, որոնք ես կարող եմ տալ, մեկ այլ: Կարող եմ ասել, որ այո` 8 կամ 12 տոկոս տնտեսական աճը լավ բան է, և պետք է գնահատվի, սակայն նշեմ, որ դա միայն այդ ժամանակաշրջանի բարեփոխումներով չի եղել, բարեփոխումները առաջին նախագահից սկսած են եղել: Կան բազմաթիվ բարեփոխումներ, որոնք չեն կարողանում նույնիսկ 10 տարվա ընթացքում արդյունքներ ցույց տալ, քանի որ դրանք հեռանկարային են:
-Այսինքն տնտեսական աճի հիմքերը դրվել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի՞ ժամանակ:
-Կարծում եմ, որ բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արվել են 1990-ականներից սկսած, իրենց ազդեցությունն ունեցել են: Այն բարեփոխումները, որոնք հաջողված չեն եղել, խնդիրներ են ստեղծել:
-Կարելի՞ է ասել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս գնահատականները և վերջին շրջանում նրա ակտիվացումը խոսում է նրա վերադարձի մասին և եթե նման բան տեղի ունենա, Դուք պատրա ՞ստ եք նրա հետ աշխատել:
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել:
-Գազային համաձայնագրի վերաբերյալ դիտարկումներն ընդունու՞մ եք:
-Կարևորագույն խնդիրն այն է, որ գազի այսօրվա եղած պայմանագրերը Հայաստանի համար ամենաշահավետն են: Չեմ կարծում, որ ավելի շահավետ պայմանագիր ունենալու հնարավորություն կա: