Հայաստանի պարագայում շատ կարևոր է, որպեսզի կարողանանք ապահովել ներդրումներ Սփյուռքից և այն երկրներից, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ամփոփելով 2013 թվականի արտաքին հարաբերությունների ընթացքը, նման տեսակետ արտահայտեց ՀԱԿ կոսակցության արտաքին հարաբերությունների նախագահ Վլադիմիր Կարապետյանը, հավելելով, որ նման հարաբերություններ պետք է հաստատել նաև հարևան պետությունների հետ:
Ամփոփելով նաև անցած վեց տարիներին ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արտաքին հարաբերությունների բարելավմանն ուղղված աշխատանքները, նա նշեց, որ այդ արդյունքները բացասական են:

«Ոչ մի բան չի արվել մեր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու համար: Անցյալ տարի ավելի քան երկու անգամ պակասել են ներդրումները Հայաստան: Մենք մնացել ենք շրջափակված», - նշեց նա, հավելելով, որ նոր զարգացումներ են ի հայտ եկել՝ կապված Եվրոմիության և Մաքսային միության հետ:

Ամփոփելով անցյալ տարվա ընթացքում բոլոր երկրների հետ հարաբերությունները. նա նշեց. «Ինչ վերաբերում է Վրաստանին, ես նորություն չեմ ունենա ասելու, քանի որ այն լարվածությունը, որ կա մեծացել է և խախտվել է այն ավանդույթը, որ նախագահների մակարդակով եղել են հանդիպումներ», - նշեց նա, հավելելով, որ Վրաստանը շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերություններում, իսկ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալն էլ ավել կսրի հարաբերությունները:

Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը՝ կապված գազի գնի հետ, ցույց է տալիս, որ կա անվստահություն երկու երկրների միջև և այդ ուղղությամբ ոչ մի դրական բան չի արվել:

Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ,բանախոսի խոսքերով, կան հարաբերությունների լարվածություն:

«Հատկապես Թուրքիայի հետ կա հետընթաց և մենք հայտնվել ենք 2006-2007 թվականների դիրքում, երբ Թուրքիան ցանկանում էր միջազգային հանրությանը համոզել , որ կան շփումներ, նույն վիճակը հիմա է: Կրկին Հայաստանի պաշտոնյաները խուսափում են հանդիպումներից Թուրքիայի իշխանությունների հետ», - նշեց նա, միաժամանակ հավելելով, որ իր համար անհասկանալի է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատրաստակամությունը՝ Թուրքիայի արտգործանախարարին հանդիպելու առումով:

«Ադրբեջանի հետ հարաբերություններում նույնպես դրական ոչինչ չեմ տեսնում, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ շուրջ երկու տարի ընդմիջումից հետո երկու երկրների նախագահները հանդիպեցին: Դեռ պարզ չէ նաև, թե նրանք ինչ փաստաթղթի շուրջ են բանակցում», - եզրափակեց բանախոսը::