ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր վերջին ասուլիսի ժամանակ այնպես խոսեց, որ այժմյան թերությունների պատճառը Անդրանիկ Մարգարյանի ժամանակ «փչված» և «պայթած» փուչիկներն են և նա է մեղավոր: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Տիգրան Սարգսյանի հայտարարություններին այպես արձագանքեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Ես սպասում էի, որ հնաբնակ ՀՀԿ-ականները, ովքեր միշտ գնում են պանթեոն, կարձագանքեին, և կասեին, որ ում դու մեղադրում ես, քեզ պատասխանել չի կարող: Եվ տարօրինակ չէ, որ Քոչարյանը արձագանքեց», - նշեց նա:
Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանի նախկինում արված հայտարարություններից հետո շատերը կարծիք էին հայտնել, որ նա ցանկանում է կռվացնել իշխանություններին: Այս կարծիքին ի պատասխան Իսագուլյանը նշեց. «Եթե ես նախաձեռնում եմ երեք նախագահների հանդիպում, ուրեմն չեմ ցանկանում նրանց կռվացնել, ինչու՞ պետք է կռվացնեմ Կարեն Ավագյանին կամ Գալուստ Սահակյանին իրար հետ: Ինչի՞ս է պետք իրենց կռվացնելը», - անկեղծացավ նա:
Լրագրողների շրջանում հնչեցին կարծիքներ, թե Իսագուլյանը պաշտպանում է Քոչարյանին, ինչին ի պատասխան նա նշեց, որ Քոչարյանը իր պաշտպանության կարիքը չունի:
«Վաղն այս նույն մարդիկ հարձակումներ են գործելու Սերժ Սարգսյանի վրա, երբ նա արդեն նախագահ չի լինի և այն ժամանակ էլ ես կպաշտպանեմ նրան: Ես Քոչարյանի խոսնակը չեմ և չեմ կարող ասել, նա կվերադառնա թե չէ: Սակայն ես ասել եմ, որ շատ կարևոր է, որ և նա և առաջին նախագահը արտահայտեն իրենց կարծիքը», - նշեց նա: