Կառավարության այսօրվա նիստում թեթև վիճաբանություն ծագեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի միջև։
Խնդիրը կայանում է նրանում, որ կառավարության որոշմամբ մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի նվազագույն գումարը 2014 թ-ին կկազմի 16 միլիոն 876 հազար դրամ՝ ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և նշեց, որ որոշումը հետագա տարիներին ենթակա է վերահաշվարկման:
Սակայն Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խնդրեց16 միլիոն սահմանագիծը չհաստատել՝ նշելով, որ դա կարող է փոփոխվել, փոխքաղաքապետը խնդրեց մի քանի օր ժամանակ, որպեսզի նախագիծը լրացուցիչ քննարկեն:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ արձագանքեց, որ երկու օր քննարկման դեպքում հունվար ամսվա աշխատավարձերը չեն կարող տալ:
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ իր հերթին ասաց, որ խնդիրը վերաբերում է մարզերի փոքր դպրոցներին և խոսքն ուղղելով փոխքաղաքապետին ասաց.
«Օրինակ Սյունքի մարզում դպրոցների զգալի մասը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն են։ Եթե մենք առաջնորդվենք ձեր ասած սկզբունքով, ապա 16 մլն թիվն էականորեն նվազում է և այն աշխատավարձերը, որ ուսուցիչները ստանում էին 16մլն–ի շրջանակներում արդեն դժվարություններ են առաջանում»,-ասաց Արմեն Գևորգյանը։
Վարչապետը հարցրեց, թե որն է խնդիրը փոխքաղաքապետի նշված կետերում, Դավիթ Սարգսյանը ժպտալով ասաց. «Ես էլ չեմ հասկանում»:
Հ.Գ. Պետք է նկատենք, որ խնդիրը չհասկանալով հանդերձ, այնուամենայնիվ, կառավարությունը որոշումն ընդունեց: