Վերակազմավորված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ կատակով նկատեց, որ երկրորդ նախագահ-վարչապետ թեման շարունակում է մնալ առաջինը, որին երևի թե հեռավոր գյուղի՝ ֆեյսբուք չունեցող տատիկը միայն չանդրադարձավ: Իգիթյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ սխալ է 20 տոկոս բաժնեմասը տալ «Գազպրոմին»::

«Ո՞ւմ է դա ասում: Թվում է, թե ուղղում է Տիգրան Սարգսյանին, էներգետիկայի նախարարին և կառավարությանը, բայց՝ ոչ: Եթե հիշում եք նրա արտահայտությունները, բնավորությունը, այստեղ մի քիչ նաև վիրավորված, ինքնահավան արժանապատվության հետ կապված հարցեր կան: Նա չի ներում այն մարդկանց, որոնց, իր կարծիքով, մարդ է սարքել, ինչպես՝ Արմեն Մովսիսյանին, Տիգրան Սարգսյանին: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը քննադատո՞ւմ է Սերժ Սարգսյանին: Ոչ: Ոչ թե չի համարձակվում, այլ՝ որովհետև անիմաստ է: Եվ ընդհանրապես ես նրանց համարում եմ թիմակից»,- նշեց նա:

Իգիթյանի խոսքերով՝ երկրորդ նախագահն իրավունք ունի քննադատել, սակայն ասելիքը տեղ հասցնելու այլ տարբերակ է պետք ընտրել:

«Սերժ Սարգսյանը, եթե Քոչարյանն ուզի, հավատացեք, կընդառաջի, հինգ րոպեից նա կդառնա վարչապետ: Սակայն ես չեմ կարծում, որ նա ուզում է այսօր դառնալ վարչապետ»,- նշեց նա:

 Անդրադառնալով նրան, թե ինչու երկրորդ նախագահը Մաքսային միության հարցին չանդրադարձավ, Իգիթյանը նշեց, որ այդ ամբողջ քննադատությունը, որ ներկայացվել է, ուղղակիորեն կապված է Մաքսային միության հետ. և՛ գազի հարցը, և՛ ՌԴ կողմից Հայաստանին որոշում պարտադրելու ոճը այն ոճն է, որով պարտադրվեց ՄՄ-ը: