Այս վիճակին մենք պատրաստ չէինք, բայց հասկանում էինք, որ պայմանավորված թանկացումներով և գնաճով՝ առաջին ամիսներին բնակչությունը պետք է ունենար լուրջ վնասներ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարների մեծ լինելուն և բնակչության դժգոհությանը, նման տեսակետ արտահայտեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Սա միանշանակ ողբերգություն չի կարելի որակել, սակայն հասկանալի է, որ այս իրավիճակից շուտափույթ դուրս գալ է հարկավոր: Ուզում եմ հավատալ, որ որոշում կայացնողներն այլ երք չունենալով, այս տարի կգործեն արդար», - նշեց նա:

Անդրադառնալով արդեն վաղը կայանալիք ԱԺ չորս ուժերի հանրահավաքին, նա հույս հայտնեց, որ այն կարող է օգուտ տալ և ի վերջո իշխանությունները տեղի կտան:

«Այս բարեփոխումները անհեթեթություն են այս պահի համար՝ սոցիալ-տնտեսական այս առումով և անկախ ամեն ինչից չեմ կարծում, որ իշխանությունները կարող են առաջ տանել այդ ամենը, հակված չեմ դրան», - նշեց նա:

Բոստանջյանի խոսքերով, չորս ոչ իշխանական ուժերը երբևիցե հակված չեն եղել իշխանություններին փնովել, սակայն հիմա նրանք ստիպված միացել են՝ խնդիրն ավելի ցցուն դարձնելու համար: