YerevanNews.am-ը ուսումնասիրելով կառավարության անդամների կենսագրական տվյալները, կներկայացի թե պաշտոնյաներից՝ ով ինչ կրթություն է ստացել:
Սկսենք թերևս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից: Նա ավարտելով Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրան` ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում:
ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է: 1993-1996 թթ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարման դպրոցի ասպիրանտ է, տնտեսագիտության թեկնածու:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ունի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, Մոսկվայի Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրատուրայի հայցորդ է:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Երևանի պետական համալսարանում պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն` ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 1990 թթ. Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը: Կրթական «համեստ» կենսագրություն ունեցող նախարարներից է:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ունի քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հետարքրական կենսագրական տվյալներ ունեցող նախարարների շարքում իր ուրույն տեղն է գրավում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ում տվյալների կրթություն բաժնում ներկայացված են էլ ավելի համեստ տվյալներ: Պարզվում է` նախարարն ավարտել է միայն Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտ է:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 1983թ.-ին ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, 1989-ինն էլ` թեթև արդյունաբերության ինստիտուտը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կրթություն բաժինը բավական առատ է: Ավարտելով բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան, նախարարը 2005-ին կրթություն է ստացել ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցում, իսկ 2007-ին էլ ` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում անցել վերապատրաստման դասընթացներ:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ունի կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում, ԵՊՀ ասպիրանտ է:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ունի ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում, իսկ ավարտելով ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստացել է տնտեսագետի որակավորում:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ավարտելով Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստացել է տնտեսագետի որակավորում:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Երևանի ագրարային համալսարանի հայցորդ է, ավարտել է ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տնտեսագիտության թեկնածու է, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրան: