Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փարիզում հունվարի երկրորդ կեսին նախատեսվող հանդիպման նախօրեին Ադրբեջանը դիմում է անթույլատրելի արարքի, ինչը հերթական հարվածն է հասցնում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացին:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերին. դիվերսիոն գործողությունների հետեւանքով հայ զինծառայող է զոհվել:

“Ռազմական դիվերսիայի նման փորձերն Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքն են, եւ միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն այսկերպ սպառնալիքի տակ է դնում հակամարտության խաղաղ հանգուցալուծումը:

Համոզված եմ, որ հակառակորդի արկածախնդրության ցանկացած փորձ կանխվելու է եւ կոշտ պատասխանի է արժանանալու”,-ասել է ԱԺ փոխնախագահը:

 

Հ.Գ. Հավերժ փառք Արմեն Հովհաննիսյանին: Հայրենիքի նման հերոսների շնորհիվ Արցախն ընդմիշտ հայկական է լինելու: