Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ ինքը պատրաստ է երկխոսել Սերժ Սարգսյանի հետ:

«Ես պատրաստ եմ երկխոսության և եթե ինքն այս համազգային տագնապը հաղթահարելու առաջարկ ունի, ես պատրաստ եմ լսելու իրեն»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց նաև, որ պահանջում է իշխանական հնազանդություն ժողովրդին:

«Քաղաք առ քաղաք և գյուղ առ գյուղ ժողովրդին է վերադառնալու իր իշխանությունը»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լրագրողի այն հարցին, թե այս պահին «Ժառանգություն» կուսակցությունը բանակցություններ է անցկացնում ԲՀԿ-ի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը ժխտեց տարածված խոսակցությունը:

Իսկ այն դիտարկմանը, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկեց «Ժառանգություն» կուսակցության կողմից որևէ նախարարության ղեկավարելը, Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Այն ինչ տեղի է ունենում խորհրդարանում, խորհդականների խնդիրն է, ինձ վրա չի տարածվում, բայց պարոն Աբրահամյանն իմ զրուցակիցը չէ, իմ միակ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, եթե ասելիք ունի, կլսեմ»:

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ձևաչափը կորոշի միայն այս ամենից հետո:

Ասուլիսի ընթացքում լրագրողի կողմից հարց բարձրացվեց, որ ինչու՞ մինչև հիմա «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի ընտանիքի անդամները չունեն ՀՀ քաղաքացիություն և արդյո՞ք որդիները քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն չունեն, որպեսզի չծառայեն ՀՀ զինված ուժերում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

«Իմ որդիները և իմ ընտանիքն իրենց ամբողջ կյանքում ծառայության մեջ են և իմ փոքր որդին 16 տարեկան հասակում իր կամքով դիմել է և դարձել է ՀՀ քաղաքացի: Փաստաթղթով չէ որոշվում հայ լինելը: Իմ ընտանիքը կդառնա ՀՀ քաղաքացի, բայց ես միայն ափսոսում եմ մի բանի համար, որ, երբ ես ստացա Հայաստանի քաղաքացիությունս արագ դիմեցի զինկոմ, որպեսզի գնամ ծառայության: Ինձ ասացին, որ տարիքս չի ներում եւ ես պահեստային եմ: Բայց, եթե կարիքը լինի՝ ես պատրաստ եմ»: