«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից. «Ասացիք, որ անհամբեր սպասում եք հաջորդ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելուն, բայց չե՞ք կարծում, որ նա իր այս քայլերով գուցե մինչեւ մյուս ընտրությունները սպասել չտա, ֆորս-մաժորի ձգտի: Ռուս քաղաքագետներից ոմանք ասում են, թե նրա ակտիվությունը Կրեմլի հետ համաձայնեցված է. ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը: Գուցե միայն վարչապետի պաշտոնի՞ է ձգտում:
Ես արտահերթ զարգացումների հնարավորություն տեսնում եմ, բայց այդ հնարավորությունը պետք է ստեղծի հայ ժողովուրդը՝ ես, դուք, երիտասարդությունը, ամենակարեւորը՝ քաղաքական ուժերը: Ես չեմ տեսնում, որ այդ արտահերթի հնարավորություն ստեղծի Ռոբերտ Քորչարյանը, այդ հնարավորությունը նա չունի: Վերջնական արդյունքում ինչ էլ լինի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նստելու են դեմ դիմաց ու որոշեն. երեւի նպատակներից մեկն էլ դա է, որ հանդիպի Սերժ Սարգսյանին ու ինչ-որ բան որոշի կամ ցույց տա, թե նա այս, այս, այս քաղաքական ուժերի վրա ազդեցություն ունի, որոնք իր ստեղծած պարազիտներն են, եւ դրա միջոցով փորձի քաղաքական դիվիդենտներ ստանալ: Բայց Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ռուսական ուժի համար է շատ անհարմար թեկնածու՝ շատ պարզ պատճառով:
Ռուսները շատ լավ հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պարագայում հասարակության շատ լայն զանգվածներ դա չեն ընդունելու, եւ դրանից նրանց չեղած հեղինակությունը էլ ավելի է պակասելու: Երկրորդ՝ իրենց թեկնածուի առաջադրման պարագայում արեւմտյան ուժերն էլ կգնան առճակատման, այնպես, ինչպես Ուկրաինայում կամ Վրաստանում գնացին, եւ այստեղ խնդիրը կարող է երրորդ փուլի հասնել: Եվ նույնիսկ եթե հանկարծ հաղթեն էլ իրենց դրած թեկնածուով, միեւնույն է՝ այդ առճակատումից Ռուսաստանը՝ որպես պետություն, Հայաստանի ներսում եւ միջազգային հանրության համար կկորցնի իր հեղինակությունը: Իրենց ինչի՞ն է պետք նման թեկնածու. նայեք՝ իրենք իրենց մոտ ինչպիսի թեկնածուներ ունեն: Անուններ մամուլում էլ են հնչում՝ չեմ ուզում անուններ տալ, որոնք խնդիրներ չունեն, որոնք ո՛չ Արեւմուտքին կզայրացնեն, ո՛չ էլ այդ առումով բարդ կլինի Հայաստանում համախմբում ձեւավորելը: Այնպես որ՝ չեմ կարծում, թե արտաքին քաղաքական որեւէ ուժ, ներառյալ՝ Ռուսաստանը, Ռոբերտ Քոչարյանի վրա քարտ դնի:
Ռոբերտ Քոչարյանին կարող են օգտագործել այսօրվա թույլ իշխանությանը էլ ավելի թուլացնելու եւ ինչ-որ բան պարտադրելու համար, ինչը, իմ կարծիքով, Ասոցացման համաձայնագրի մասով կիրառել են. ես բացարձակապես չեմ կասկածում, որ Ռուսաստանը նման բան կիրառել է»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում