Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «ԻԴԵԱ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Այցելությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Սեյրան Օհանյանը և Ռուբեն Վարդանյանը եղել են ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ դպրոցում ստեղծված վիրտուալ հրաձգարանում, ռազմամարզական և խաղային հրապարակներում, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության կաբինետում, որը կրում է դպրոցի շրջանավարտ, Արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանի անունը: Հյուրերը հետևել են դպրոցի աշակերտների միջև վիրտուալ հրաձգարանում կազմակերպված մրցույթին:

Աշակերտները հյուրերի համար նաև Հայոց բանակին նվիրված երաժշտական ներկայացում էին պատրաստել: Ներկայացման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի հետ մարտի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը: