Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանից հետաքրքրվեցին, թե ինչու քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ վարչական շրջանների ղեկավարներին ուղղված հրահանգն այդպես էլ լիովին չիրականացվեց:
Նշենք, որ Տարոն Մարգարյանը հանդիպել էր ղեկավարներին և հրահանգել կատարել ձնամաքրման աշխատանքները, սակայն հենց հաջորդ օրը տեղացած ձյունը անակնկալ եղավ երևանցիների համար:
Ի պատասխան հարցադրմանը, փոխքաղաքապետը նշեց. «Առաջին տեղացած ձյան և երկրորդ տեղացած ձյան ժամանակ ճանապարհն անանցանելի լինելու պատճառով փողոց փակվելու դեպքեր չեն եղեկ: Ձյան պատճառով խցանումներ չեն եղել, եղել են չոր, սև ասֆալտ», - նշեց նա, հավելելով, որ ձյունով մնացել են միայն սեփական սեկտորի փողոցները, որտեղ երթևեկությունը քիչ է:
«Ամեն բնակիչ իր տան դեմը մաքրել է, ով չի մաքրել՝ մենք ենք մաքրել: Ասենք, որ խնդիրը բակերում , մայթերում լիովին լուծված է եղել՝ սխալ կլինի, սակայն արդեն մյուս ձյան դեպքերում նման խնդիրներ չեն եղել», - նշեց նա:
Կամո Արեյանի խոսքերով, այն վարչական շրջանների ղեկավարները, ովքեր թերացել են իրենց աշխատանքներում, քաղաքապետարանի համապատասխան ոլորտի աշխատողների հետ միասին ստացել են գրավոր նկատողություններ:
«Եթե կրկնվեց նույն մարդու կողմից, կհեռացվեն աշխատանքից, ավելի վերադաս անձինք կստանան, նույնպես կազատվեն աշխատանքից: Մեր դիրքորոշումը կոշտ է այս հարցում», - հայտարարեց նա: