Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա է գտնվել ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատակված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոնին:
Նախագահը ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնել Հովհաննիսյանների ընտանիքին` երիտասարդ զինվորի անդառնալի կորստի կապակցությամբ:
Երկրի ղեկավարի խոսքով` Արմեն Հովհաննիսյանը եւ նրա մարտական ընկերները ցույց տվեցին հայրենիքին անմնացորդ նվիրվածության եւ ռազմարվեստին գերազանց տիրապետելու փայլուն օրինակ՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի Հանրապետության զինված ուժերն ի վիճակի են կասեցնել թշնամու կողմից ագրեսիայի ցանկացած դրսեւորում:
Նախագահ Սահակյանն Ադրբեջանի պահվածքը համարել է խիստ ապակառուցողական ու ահաբեկչական եւ ընդգծել, որ այն մեծ հարված է հասցնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: