Հայաստանի քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 5 տարի առաջ այսօրվան՝ մարտի 1-ին:

Հմայակ Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. 

«Այսօր մարտի մեկն է 
Այսօր մարտի մեկն է ՝ օր, որը մեր ազգային օրացույցում եկավ համալրելու ցավի և վշտի տարեթվերի առանց այդ էլ ընդարձակ ցանկը: Այդ չարաբաստիկ օրը, երբ առավոտյան կանուխ ՝ դեռ չցրված մթի շղարշի տակ, ոստիկանական ջոկատները թուրքաբարո մոլագարությամբ հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ես այնտեղ էի ՝ Ազատության հրապարակի հարթակում: Լևոն Տեր -Պետրոսյանը, ով այդ օրերին մշտապես ՝ օր ու գիշեր չէր հեռանում հրապարակից, բարձրացավ հարթակ և հանդարտության, սթափության կոչերով դիմեց ոստիկանությանն ու ցուցարարներին: Առաջին նախագահը հորդորում էր ոստիկաններին բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ուժի գործադրմամբ լուծել իրենց առջև դրված խնդիրը: Սակայն վերջիններս այլ հրաման և այլ նպատակ ունեին… 
Այն ինչ տեղի ունեցավ հետո, Մյասնիկյանի արձանի մոտ ՝ ընդամենը մարտի մեկի առավոտյան ցանած ատելության և անհանդուրժողականության սերմերի արյունոտ, մահաբեր ծիլերն էին: 
Չորս տարի անց, երբ Րաֆֆին հանդուրժողականության կոչերով նստել էր հացադուլի Ազատության հրապարակում և համառորեն պնդում էր, որ իր այդ քայլը ոչ թե քաղաքական բողոքի, այլ կրոնա – բարոյական իմաստ ունի ՝ ծոմ է, շատերը նրան չհասկացան, եղան նույնիսկ այդ քայլը դատապարտողներ և ծաղրողներ: Ես դրանցից չէի: Ավելին, ես մշտապես Րաֆֆու կողքին էի, ինչը շատերին զարմացրել էր, քանզի Րաֆֆին և նրա ղեկավարած <<Ժառանգությունն>> անցած տարիների ընթացքում չեն խուսափել իմ անկողմնակալ անողոք քննադատությունից: Եվ հանկարծ ես պաշտպանեցի ծոմը, որը քաղաքական կատեգորիա չէ, քաղաքական պայքարի ձև չէ: Այո, եթե քաղաքակնաությունը դիտում են որպես ինքնանպատակ պայքար իշխանության համար, հակադրելով այն հավերժական կրոնաբարոյական իմաստներին: 
Րաֆֆիի քայլի իմաստը ինձ հասկանալի էր և սրտամոտ: Ազատության հրապարակը մարտիմեկյան չարագործությամբ պղծվել էր և պետք է մաքրվեր, կրոնաբարոյական իմաստով նորից օծվեր: Պետք է վերադարձվեր ժողովրդին ոչ թե ֆիզիկական, այլ նաև սրբազան, պաշտամունքային իմաստով: 
Րաֆֆիի ծոմապահությունն ուներ նաև երկրորդ ՝ անձնական ապաշխարհության իմաստը: Հայասպան ուժերի հարձակման օրը Րաֆֆին հարթակում չէր, ցուցարարների կողքին չէր: Ծոմապահությամբ նա ապաշխարհեց չարի դեմ կենաց – մահու մարտի պահին բացակայելու իր մեղքը: Այդ մեղքը քավելու գնով է նա այսօր ընկալվում համաժողովրդական շարժման գործի շարունակողի դերում: 
Աստված տա, որ ծոմապահության անհրաժեշտություն այլևս երբեք չլինի…»: