ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ամփոփելով 2013թ-ը, նշեց, որ նախորդ տարի բանակում մարդկային կորուստները 32%-ով նվազել են, սակայն զինված ուժերն այսօր ամեն ինչ անում է, որ դրանք հասնեն մինիմումի:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե բանակում որդիներ կորցրած ծնողները մշտապես բողոքում են քրեական գործընթացներից, նախարարը նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով, որտեղ դեպքերը քննարկվում են, սակայն մինչև հիմա այդ հանձնաժողովին ներկայացվել է ընդամենը 3 դիմում:
Հարցին, թե այդ նույն ծնողները դժգոհում են Սեյրան Օհանյանի վերաբերմունքից, ասելով, թե նա անգամ մի մեխակ չի դնում իրենց զոհված զինվորների շիրիմներին, նախարարը պատասխանեց.
«Ես չգիտեմ այդ հարցին ինչպես պատասխանել: Կարող եք միացնել հեռուստատեսությունը, կարդալ թերթերը և տեսնել, թե որքան եմ ես այցելում պանթեոն, Եռաբլուր՝ խոնարհվում, համբուորում և ծաղկեպսակներ դնում նրանց շիրիմներին:Ես խոնարհվում եմ մեր զինվորների, մարտական ընկերների շիրիմներին, բայց մի՞թե կարող է պաշտպանության նախարարը լինել ամեն տեղ, իհարկե, ոչ, թող ասեն, որտեղ պետք է լինեմ, ես կգնամ»:
Խոսելով նաև այն մասին, որ հասարակությունում տարածված է այն կարծիքը, թե նախարարությունը թաքցնում է բանակում տեղի ունեցող երևույթները, նախարարն ասաց.
«Որևիցե մի բան թաքցնել հանրությունից անհնար է, և մենք բարոյապես ցածրացած կլինենք»:
Նախարարն ասուլիսի ժամանակ մի քանի անգամ կրկնեց, որ հայկական բանակը հակառակորդին համարժեք պատասխանով է հանդես գալիս և երբեք անկանոն կրակներին չի պատասխանում:
«Կրակի տեղափոխումը ավելի խորք, նշանակում է նախապայմաններ ստեղծել լայնածավալ մարտական գործողությունների, եթե դրա ժամանակը գա՝ մենք դա կիրականացնենք: Ռազմական գորոծողություններ սկսելուց առաջ քաղաքական, ռազմական նախադրյալներ պետք է լինեն, մանավանդ, որ, և՛ մենք, և՛ միջազգային կառույցներն ամեն ինչ անում ենք, որ հակամարտության հարցերը լուծվեն միայն խաղաղ ճանապարհով»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութերում