YerevanNews.am-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կենսագրությունն ու ընտանեկան լուսանկարները:
Ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում:
Կրթությունը
1979 թվականին ավարտել է Հայկական ՍՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը և ընդունվել Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: Ուսումնարանում ուսումնառությունն ավարտելուց հետո, 1983 թվականին ուղարկվել է հետագա ծառայությունը շարունակելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում:
ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է`
- մոտոհրաձգային դասակի հրամանատարի,
- մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոններ:
Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:
1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոններին:
1992 թվականի ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում:
Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում:
Ծառայությունը ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում
1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ:
1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:
1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար:
2000 թվականի հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար:
2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Այլ տվյալներ
- 1995 թվականին շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում,
- 2000 թվականին շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում,
- 2007 թվականին շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում:
Պարգևատրվել է`
նախկին ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, այդ թվում.
- նախկին Խորհրդային Միության մեդալներով` «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարին», «Անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար»,
- 1999 թվականի սեպտեմբերին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում, «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնումով,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով,
- Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով,
- գերատեսչական «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Մայրական երախտագիտության», «Խորհրդային Միության մարշալ Ժուկով» մեդալներով, «Զինանշան» հուշամեդալով:
- 2012 թվականին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի հատուկ նիստի որոշմամբ բանակաշինության արդի խնդիրներին նվիրված ատենախոսության համար Ս.Մ.Օհանյանին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր: