Այս գիշեր Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակի 56-րդ մրցանակաբաշխությունը։ Ֆրանսիական Daft Punk դուետը (լուսանկարում) հաղթել է 4 անվանակարգում՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ», «Տարվա էլեկտրոնային ալբոմ»,«Լավագույն փոփ-կատարում»։

Տարվա երգ է ճանաչվել նորզելանդական երգչուհի Լորդի «Royals»-ը։ Տարվա ռոք-երգ է ճանաչվել Փոլ Մաքարթնիի եւ «Նիրվանա» խմբի նախկին անդամների ձայնագրած «Cut Me Some Slack»-ը։ Մրցանակի է արժանացել նաեւ Մաքարթնիի «Live Kisses» համերգային ֆիլմը։ Փոլ Մաքարթնին ու Ռինգո Սթարը, որպես «Բիթլզ" խմբի նախկին անդամներ, «Գրեմմի» են ստացել նաեւ արվեստի մեջ ունեցած ավանդի համար։

Տարվա լավագույն ռոք-ալբոմ է ճանաչվել Led Zeppelin-ի «Celebration day"-ը, որը պատմում է խմբի՝ 2007 թ. լոնդոնյան համերգի մասին։ «Տարվա այլընտրանքային ալբոմ» անվանակարգում հաղթել է Vampire Weekend-ի «Modern Vampires of the City»-ն։

Լավագույն ռեփ-ալբոմ է ճանաչվել Macklemore & Ryan Lewis-ի «The Heist»-ը։ Նրանք հաղթել են նաեւ տարվա լավագույն ռեփ-երգ անվանակարգում։

Տարվա տեսահոլովակ է ճանաչվել Ջասթին Թիմբերլեյքի եւ Ջեյ Զիի «Suit & Ti» երգի տեսահոլովակը։ Թիմբերլեյքը հաղթել է նաեւ «Տարվա r'n'b երգ» անվանակարգում ("Pusher Love Girl")։

Հիշեցնենք, որ «Գրեմմին» համարվում է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկը։ Այն տրվում է Ձայնագրման ամերիկյան ակադեմիայի կողմից՝ 1959 թվականից սկսած։