Գյումրիում քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ նախկին քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Հիշյալ հոդվածով հանցագործությունը վերաբերում է խուլիգանությանը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Հիշեցնենք, հունվարի 21–ին Գյումրիից ստացված տեղեկություններով` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել, կրակել: Ականատեսների վկայությամբ` խումբը եղել է զինված, և Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: