Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.
<<Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է, անհերքելի իրողություն է եւ հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:
Դաստիարակվելով իրենց հերոս հայրերի ու պապերի օրինակով` մեր փառապանծ բանակի քաջ զինվորները պատվով են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի եւ ժողովրդի անվտանգությունը, ամուր պահելով պետության սահմանները: Սա հայրենասիրության ու անձնվիրության վառ դրսեւորում է:
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` շարքային զինվորից մինչեւ գեներալ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության զորացման ու բարգավաճման>>: