Այսօր են «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Վերջինիս հետ զրույցում լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին, թե երբվանից է ոստիկանությունը դադարեցրել ծեծն ու ջարդը, ոստիկանապետն ասաց.
«Ես կարծում եմ, որ առանձին երևույթներ կարող են և հիմա դրսևորվել, առանձին երևույթներ, որովհետև ոստիկանությունը մեծ կազմակերպություն է, և ցանկացած տեղ կարող է մեկ հիմար դուրս գա ոստիկանի համազգեստով, որն իրեն թույլ կտա: Բայց որ ոստիկանության քաղաքականությունը այդ առումով ժխտողական է՝ դա միաշանակ և անդառնալի է: Այնքան ժամանակ, որ ես ոստիկանապետ եմ, ես դրա համար պատասխանատվություն եմ կրում»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում խոսելով Կիևում տեղի ունեցող երևույթների մասին, ասել էր.
«Եթե մարդկանց մերկացնում են, իհարկե, անաստված են, անարդար է, անշնորհք է, անդաստիարակ է, լկտիություն է… ինչ բառ էլ հնարենք, բոլոր բառերը համարժեք կլինեն դրան, իհարկե, վատ ա… այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս, այ հիմա հասկացեք Ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջարդում և չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք»:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանապետի այն հայտարարությունը, որ մենք էլ էինք ծեծում, ջարդում, հաղորդում չէ հանցագործության մասին, Վլադիմիր Գասպարյանն ասել է.
«Բացարձակապես: Աղջի´կ ջան, հոգի ջան, ախր պետք է հասկանալ՝ ինչը ինչից հետո է: Բաց տեքստով ասված է եղել. մենք, ես ի նկատի եմ ունեցել, պարզաբանեմ, խաղաղվելու համար պարզաբանեմ, մենք ի նկատի ենք ունեցել միլիցիան, այսինքն՝ մենք իրենց փոխարինողներն ենք, չէ՞, ժառանգորդներն ենք՝ միլիցիայից ոստիկանություն և ընթացք, այսինքն՝ միլիցիան, ամբողջ այդ ընթացքում խոսել եմ նրա մասին, որ ծեծով ու ջարդով ցուցմունքներ են խլում: Ի նկատի եմ ունեցել դա, որ նախկինում եղել է այդպես, պարզ ասում եմ՝ տեսե´ք, որ մենք վերափոխվել ենք, դա այլևս չենք անում, քաղաքականությունը փոխվել է»:
Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում: