Տարեվերջին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրացրել էր բուժհաստատությունների ատկատի խնդիրը, որի գոյության մասին հիշատակել էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան այս հայտարարության, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դիմել էր Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի քննեն այս հարցը և մեղավորները պատժվեն:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարարը մեկնաբանեց այս խնդիրը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է նա դատի տալիս միայն Լյուդմիլա Սարգսյանին, իսկ հանրապետության նախագահին՝ ոչ:

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահն ատկատների խնդիրը բարձրացրել էր դեևս երեք տարի առաջ, սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չէր տրվել:
«Մենք Լյուդմիլա Սարգսյանին դատի չենք տվել: Մենք միայն դիմել ենք Գլխավոր դատախազին, որպեսզի նրա բերած փաստերը քննվեն և մեղավորները պատժվեն», - նշեց նա, հավելելով, որ շատ շնորհակալ է Լյուդմիլա Սարգսյանին՝ այն խնդիրները բարձրացնելու համար, որոնք հիմա չկան:

«Նա բարձրացրել էր բուժհաստատությունների ատկատներիի խնդիրը: Նախագահն այս խնդիրը երեք տարի առաջ էր ասել, հիմա դրանք չկան: Ես գրավոր դիմեցի պատգամավորին, խնդրելով, որ մեզ տրամադրի տվյալներ, իսկ ինքն էլ պատասխանեց, որ պարտավոր չէ և մենք էլ խնդրեցինք դատախազին հետամուտ լինել, քանի որ դա կարևոր է», - նշեց նա:

Նախարարը նաև նշեց, որ դատախազն իրենց այցելել է և քննությունն ընթացքի մեջ է: