1991թ. դեկտեմբերի 5-ին, հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Այս պահից, ահա, սկիզբ է առնում մեր բանակի պատմության երկրորդ փուլը: Մի փուլ, որի խնդիրներն, իրենց բարդությամբ չզիջելով նախորդին, բնույթով այլ էին: 92թ-ին Հանրապետության ղեկավարությունը, Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեց Հայաստանի, առաջին հերթին` նրա Զինված ուժերի համար չափազանց կարևոր և հեռատես որոշում. մենք բռնեցինք ո´չ թե Խորհրդային զորքի սպառազինության բռնի գրավման, այլ` այդ սպառազինության Հայասատանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին: Դրա շնորհիվ էր, որ թեև ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր և անցավ ո´չ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը: Դրա շնորհիվ էր, որ ռուսական զորքի մի մասը մնաց Հայաստանում` հետագայում վերաճելով ռազմական բազայի և դառնալով Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը:

Բանակն այս տարիներին, եթե կարելի է այսպես ասել, ապրում էր երկու կյանքով: Մի կողմից ինտենսիվորեն ընթանում էր բանակային կառուցվածքի ձևավորում, նրա իրավական ամրագրում, իսկ մյուս կողմից` նորաստեղծ բանակային կազմավորումները փաստացի պատերազմի մեջ էին հարևանի հետ: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» տրամաբանությանը զուգահեռ փորձ էր արվում հնարավորինս պաշարներ ուղղել կառուցվածքային խնդիրների լուծմանը:

Զենք-զինամթերքի, վառելիքի, պարենի ու հագուկապի խնդիրներին զուգահեռ, նորաստեղծ նախարարության առջև ծառացել էր ոչ պակաս կարևոր ևս մեկ խնդիր` զինված ուժերի համալրումը կրտսեր, ավագ և բարձրագույն սպայական կազմով և մասնագետ կադրերով: Պաշտպանության նախարարությունը հսկայական աշխատանք ծավալեց` նախկին խորհրդային բանակում ծառայող սպաներին հայկական զինված ուժերում ընդգրկելու և դրանով իսկ, թեկուզ ժամանակավորապես, այս խնդիրը մեղմելու ուղղությամբ: Ի պատիվ մեր ժողովրդի, բազմաթիվ հայազգի սպաներ արձագանքեցին ՊՆ կոչին, թողեցին իրենց խաղաղ-անվտանգ բնակավայրերը, եկան և լծվեցին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գործին: Դրանց թվում էին այսօր արդեն գեներալ-գնդապետներ Գուրգեն Դալիբալթայանը, Միքայել Հարությունյանը, գեներալ-լեյտենանտներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը, Քրիստափոր Իվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Մուրազ Սարգսյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը, Ալիկ Սարգսյանը, Մարտին Կարապետյանը, Տիգրան Գասպարյանը, Ալիկ Միրզաբեկյանը և շատ ուրիշներ: Այս անձանց կողքին չեմ կարող չնշել նաև գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի անունը, որի համար Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիք:

Բանակաստեղծման առումով 1992-ը բացառիկ արդյունավետ եղավ.

ամրագրվեց անհրաժեշտ իրավական դաշտը,
ձևավորվեցին ղեկավարման օղակները, առաջին հերթին` Գլխավոր Շտաբը,
ստեղծվեցին թիկունքի և սպառազինության ծառայությունները,
հիմնադրվեցին զորատեսակներն ու մասնագիտացված զորամասերը,
մշակվեցին խմբավորումների, զորամասերի մարտական կազմերը և կառուցվածքները, դրվեց զորատեսակների և ծառայությունների ձևավորման սկիզբը, անցկացվեց առաջին զորակոչը,
կազմավորվեցին առաջին սահմանապահ զորամասերը` մոտոհրաձգայինների վերափոխման հեռանկարով,
ծավալվեցին զորամասերի ստորաբաժանումները` դասակները, վաշտերը, գումարտակները, սկսվեց անձնակազմի մարտական ներդաշնակման ու մարտական պատրաստության գործընթացը:

Այս ամենին զուգահեռ թեթև մարտական գործողությունները սահմանի երկայնքով արդեն վերաճել էին իսկական պատերազմի` իրենց ահագնացող ծավալներով: Պատերազմական տարին մեզ համար սկսվեց բավականին հաջող: 92-ի մայիսին, հիմնականում ավարտելով Ղարաբաղի ներսում ադրբեջանական կրակակետերի ոչնչացումը, ինքնապաշտպանական ուժերը ծրագրեցին և փայլուն կերպով իրականացրեցին Շուշիի ազատագրման օպերացիան` կերտելով մեր նորօրյա ռազմական տարեգրության ամենափառահեղ էջերից մեկը: Դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը Ստեփանակերտը փրկեցին ամենօրյա ծանր ռմբահարումներից, ինչպես նաև ցամաքային ճանապարհ հարթեցին դեպի Հայաստան: Մի քանի օր անց ինքնապաշտպանական ուժերը գրավեցին նաև Լաչինը` լռեցնելով Ջանհասանի, Քյոսալարի և մի շարք այլ կրակակետեր: Հայաստանի հետ ցամաքային կապն այլևս վերագտնված էր, հակառակորդը նահանջել էր և շատ հեռու էր: Շատերին թվաց, թե մարտական գործողությունները մոտալուտ ավարտ կունենան: Եվ մենք, ստիպված, մի պահ հապաղեցինք, ինչը. հետո չափազանց ծանր հետևանքներ ունեցավ:

1992-ի հունիսից սկիզբ է առնում մեր բանակի պատմության երկրորդ փուլը, երբ ադրբեջանցիները, ոգևորված խորհրդային բանակի` Ադրբեջանի տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների մեծաքանակ սպառազինության անարգել բռնագրավումով, վարձկանների` նույն բանակի անգործ ու հետևապես առանց գոյության միջոցների մնացած սպաների առատությունից և մեր հապաղումով, անցան լայնածավալ հարձակման: Ընկավ Շահումյանը, սկիզբ առավ հակառակորդի ժամանակավոր հաջողությունների շրջանը: Մեր ջոկատները ստիպված էին նահանջել Մարտակերտի տարածքի մի զգալի մասից` իրենց հետ տանելով նաև բնակչությանը: Այս շրջանը մեր պետության ու ողջ ժողովրդի համար եղավ իսկապես ծանրագույն փորձության շրջան: Թվում էր, թե դա վերջն է մեր սկզբի, որ դիմադրել հակառակորդին հնարավոր չէ ո´չ ռազմականապես, և ո´չ հոգեպես: Շատերի նյարդերը տեղի տվեցին, շատերը հուսալքվեցին, շատերը ձեռքերը լվացին: Որոշ քաղաքական ուժեր ապահովագրում էին իրենց, իրար մեղադրելով հայրենի հողը ծախելու մեջ: Կասկածի որդը տեղափոխվեց ջոկատներ:

Բայց այլ կերպ էր մտածում հայ հավաքական զինվորը: Նա մաքառեց, կանգնեցրեց հակառակորդին և ի վերջո հաղթող դուրս եկավ մեզ պարտադրված անհավասար պատերազմում:

Այս շրջանում էր, որ պաշտպանության նախարարությունը գլխավորեց Շարժման առաջնորդներից մեկը` Վազգեն Մանուկյանը, որին հաջողվեց որոշակի մեղմել հակամարտությունը մեր մեջ, ընդունել մի շարք կարևոր որոշումներ, բարելավել բանակի նյութական ապահովումը` իր կարևոր նպաստը բերելով պատերազմի այս փուլում բեկում մտցնելու գործում:

Արդեն 1993թ. մարտի վերջին իրականացվեց Քելբաջարի օպերացիան` գրավվեց Հայաստանն ու Ղարաբաղը սեպի պես զատող այս կարևոր հատվածը: Հունիսին հակառակորդը ծանր մարտերից հետո, չկարողանալով դիմադրել հայկական ինքնապաշտպանական ուժերի շեշտակի գրոհներին, ստիպված էր թողնել Մարտակերտն` հարող բնակավայրերով, հուլիսին` Աղդամը, օգոստոս-հոկտեմբերին` Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն և Զանգելանը, ինչը թույլ տվեց պաշտպանական բանակին երկրի երկայնքով ձևավորել անվտանգության գոտի` զերծ պահելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը հնարավոր ռմբահարումներից:

Թվում էր, այս պարտությունը պետք է բավարար լիներ հակառակորդին` գիտակցելու իր նկրտումների ու տածած հույսերի բացահայտ սնանկությունը: Բայց ադրբեջանական բանակը, չխրատվելով այս ջարդից ևս, 93թ. դեկտեմբերին անցավ նախադեպը չունեցող հարձակման: Այս ճակատամարտը, որը տևեց ուղիղ հինգ ամիս, ավարտվեց հայկական պաշտպանական ուժերի լիակատար հաղթանակով: Այնպիսի հաղթանակով, որ պարտված հակառակորդը, որ մինչ այդ լսել անգամ չէր ուզում հրադադարի մասին, գլխիկոր համաձայնեց ստորագրել այն:

1994թ. մայիսի 16-ին Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Պատերազմը գոնե առժամանակ դադարեց` դրանով իսկ նախանշելով մեր բանակի պատմության երկրորդ փուլի ավարտը:

Արդեն խաղաղ պայմաններում նորաստեղծ բանակը, նրա հրամանատարական կազմը հնարավորություն ստացավ լծվելու բանակաշինության գործին` ուշադրություն դարձնելով առավելապես բանակի ներքին խնդիրներին: Բանակաշինության գործընթացն ընդգրկեց ռազմական համակարգի, առանց բացառության, բոլոր ոլորտները` սկսած բանակային ենթակառուցվածքների ստեղծումից մինչև անհրաժեշտ օրենսդրական հիմքի ապահովում:

Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է: Այդ նպատակով ստեղծվեցին ռազմաավիացիոն, թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց Ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն` Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Մինչ օրս այս ուսումնական հաստատությունները Զինված ուժերի համար պատրաստել են շուրջ 1300 շրջանավարտ-սպաներ: Շարունակվել է նաև սպայական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը արտասահմանյան երկրների ռազմա-ուսումնական հաստատություններում: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում և Հունաստանի Հանրապետությունում ուսումնառել և այսօր շարունակում են իրենց ուսումը ավելի քան 1500 սպա և կուրսանտ:

Հաշվի առնելով, որ Զինված ուժերի սպաների մի զգալի մասը կազմում էին ինքնապաշտպանական կամավորական ջոկատների մարտիկները, նրանց որակավորման և վերապատրաստման նպատակով ստեղծվեց սպաների որակավորման բարձրացման կենտրոնը, որն իր գործունեության ընթացքում, տվել է շուրջ 1500 սպա-շրջանավարտ: Շուրջ 1000 շրջանավարտ է տվել Ենթասպաների դպրոցը:

Շարունակելի.......