Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաև, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«ՄՄ-ում ներկա պահին գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է ՀՀ-ում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերին: Կան նաև մի շարք ապրանքատեսակներ, որոնք ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր ի տարբերություն ՀՀ-ի», - նշեց նա, հավելելով, որ ՄՄ-ում որոշ ապրանքների համար գործում են նաև սակագնային քվոտաներ:
Փոխնախարարի խոսքերով, զգալի թիվ են կազմում այն ապրանքատեսակները, որոնց դրույքաչափերը ՄՄ-ում ավելի բարձր են, քան ՀՀ-ում: Նա նշեց, որ այս ապրանքատեսակներից շատերի դրույքաչափերի բարձրացումն իր հետ կբերի խնդիրներ:
«Այդ պատճառով կլինեն բացառություններ և նույնիսկ ՄՄ անդամակցելուց հետո նրանք կշարունակեն ունենալ նույն դրույքաչափը, որը սահմանված է ՀՀ մաքսային օրենսգրքով», - նշեց նա, հավելելով նաև, որ այս պայմանավորվածությունը ներառվել է նաև Ճանապարհային քարտեզի մեջ:
Փոխնախարարը նշեց, որ մոտ 60 տոկոսի սահմաններում ՄՄ գործող օրենսգրքի դրույքաչափերն ավելի բարձր են, քան Հայաստանում գործողը:
«14.5 տոկոսը ցածր է, 17 տոկոսից ավելին նույնն են և այստեղ փոփոխության խնդիր չկա և երկու տոկոսն է, որ այլ մեթոդներով է հաշվարկվում», - նշեց նա:
Փոխնախարարի խոսքերով, կան ապրանքներ, որոնք մենք հիմա գանձում ենք տաս տոկոս և մեզ ձեռնտու չէ, որ դրանք իջեցվի և հասնի զրոյի:
«Օրինակ, եթե կարտոֆիլի վրա մենք ունենք դրույքաչափ, դրա իջեցնելը նպատակահարմար չէ:
Կլինեն ապրանքներ, որոնց բարձրացնելն այնքան էլ խնդրահարույց չէ, բայց այն ապրանքները, որոնք հումքային միջոց են, կազդի», - նշեց նա:
Մելքոնյանը նշեց, որ 850 անուն ապրանք հանդիսանում են զգայուն ապրանքներ և, եթե նրանց դրույքաչափերը բարձրանա՝ խնդիր կլինի: Անդրադառնալով ՄՄ- հնարավոր մերժմանը, նա նշեց.
«Մերժելու խնդիր չկա, որովհետև քննարկման ժամանակ մենք այս մասին ասել ենք և կա համապատասխան կետ, որ մենք պետք է գանք համաձայնության, և այն ներառված է ճանապարհային քարտեզում», - եզրափակեց նա: