«Առավոտը» գրում է. «Նախօրեին ամերիկյան «ContourGlobal» ընկերությանը 180 միլիոն դոլարով ՀՀ կառավարությունը վաճառեց Հայաստանի ամենախոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրը [ՀԷԿՀ] «Որոտան-կասկադը»։
«Առավոտի» տեղեկություններով՝ ամերիկյան այս ընկերությունն էլ գրանցված է օֆշորային գոտում։ Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «ContourGlobal»–ի ներկայացուցիչ և խորհրդատու Արա Հովսեփյանն ասաց. «Դա խոշոր ամերիկյան ընկերություն է, իր կառուցվածքում կան և՜ Միացյալ Նահանգներում, և՜ այլ երկրներում գրանցված ընկերություններ։ Այս կորպորացիայի մեջ կան ընկերություններ, որոնք գրանցված են և օֆշորում, և կան ընկերություններ, որտեղ օֆշորային կանոնները չեն գործում։ Դա մեծ կորպորացիա է, և սխալ է ասել` դա օֆշորայի՞ն է, թե՞ ոչ։ Կենտրոնակայանը Նյու Յորքում է»։
Պարոն Հովսեփյանի ներկայացմամբ` նման խոշոր ընկերությունների համար, որոնք բիզնես են ծավալում աշխարհի տարբեր երկրներում, նորմալ պրակտիկա է, որ իրենց կորպորացիայում ունենան տարբեր ընկերություններ, որոնք գրանցված կլինեն տարբեր երկրներում, նույնիսկ՝ օֆշորային. «ContourGlobal»–ը 4 մայրցամաքներում, 20-ից ավելի երկրներում, 30-ից ավելի գործարաններ ու էլեկտրակայաններ ունի, զբաղված է քամու, արևային, բոլոր էներգատեսակների արտադրությամբ` բացի միջուկայինից։ Եվ տարբեր այլ երկրներում ունեն գրանցված ընկերություններ, որոնց հիմնադիրները կարող են այլ ընկերություններ լինել»:
«Առավոտի» տեղեկություններով` շուտով «Որոտան» ՀԷԿՀ-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանն իր պաշտոնին հրաժեշտ կտա, իսկ նրա պաշտոնին «կտիրի» Արա Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ պարոն Հովսեփյանը եղել է «Հազարամյակի մարտահրավերների» հայաստանյան գրասենյակի և «Հյուսիս-Հարավ ճանապարհային ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն։ Իր հավանական նոր պաշտոնի մասին պարոն Հովսեփյանն ասաց. «Նման պայմանավորվածություն չկա, կա պայմանավորվածություն, որ ես ինչ-որ մի ձևով կարող է ներգրավված լինեմ, բայց ինչ վիճակով կամ պաշտոնով՝ դա դեռ չենք քննարկել։ Նման թեմա ինձ հետ չի քննարկվել։ Ես հիմա որպես խորհրդատու ներգրավված եմ ընկերության գործունեության մեջ, բայց ամեն ինչ հնարավոր է։ Մինչ օրս օգնել եմ, որպեսզի գործարքը կայանա ամերիկյան ընկերության կողմից»։
«Առավոտը» փորձեց «Որոտանի» ՀԷԿՀ-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանից էլ պարզել այդ լուրերը, սակայն գրասենյակից մեզ վստահեցրին, որ նա աշխատանքի չի գնում` արձակուրդում է և հանրապետությունից մեկնել է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։