ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
ՀՀ կառավարության 2014թ.-ի հունվարի 30-ի նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվում նաև «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու և մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Մասնավորապես` այս որոշմամբ 2014 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը սահմանվել է` 30.00, ընտանեկան նպաuտի բազային մաuը և սոցիալական նպաստի չափը` 16000 դրամ, իսկ 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը պահպանվել են 2013 թվականին սահմանված նույն չափերով:
Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 1-ին և 2-րդ երեխաների համար սահմանվել է 50000 դրամ, իuկ ընտանիքում ծնված 3-րդ, ինչպեu նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:
Ընդ որում մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված և երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
Դիմում (ձևաթուղթ է, որը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության (բաժնի) կողմից),
Ծնողի անձը հաստատող փաստաթուղթը,
Երեխայի(ների) ծննդյան վկայականը և դրա պատճենը,
Ծնողի և երեխայի(ների) հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
Անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև`
ա) ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց պատճենները,
բ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,
գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը:
Եթե երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը նշանակելու և վճարելու համար երեխային հետ նույն բնակության վայրում հաշվառված օրինական ներկայացուցիչը (ծնողը) դիմում է ներկայացնում սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր հաշվառման վայրի տարածքային բաժին (սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ <Փարոս>-ի, փոխարեն):
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը
դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը,
նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ մահվան վկայականը,
եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում 3-րդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար՝ ներկայացվում են նաև.
ա) ընտանիքի մյուս երեխաների անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները,
բ) երեխաների (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ հայրության ճանաչման վերաբերյալ և այլն),
գ) ըստ անհրաժեշտության՝ ընտանիքի մյուս երեխաների՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը, ռազմաուսումնական հաստատություններում սովորելը, օտարերկրյա պետության հաստատությունում սովորելը, ազատազրկման վայրում գտնվելը հաստատող փաստաթղթեր:
Եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:
Հավելենք նաև, որ փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 335-Ն որոշման մեջ:
Մասնավորապես` ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները կարող են օգտվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման ծրագրից` 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը սպառած 450 խոր.մետր բնական գազի դիմաց վճարելով յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 100 դրամ:
Վերը նշված ժամանակահատվածում բնական գազի նշված չափաքանակը սպառելուց հետո «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համապատասխան տարածքային գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից նպաստառու բնակիչ-բաժանորդներին ներկայացվում է կտրոն` սպառած բնական գազի չափաքանակի վերաբերյալ: