Այսօր մեկնարկում է ԱԺ հինգերորդ նստաշրջանը, որին ընդառաջ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում կանխատեսումներ է արել: Մասնավորապես նա գրել է.

«Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ Խորհրդարանի խմբակցություններից յուրաքանչյուրը յուրովի է դիմավորում այն։ ՀՀԿ–ն կռիվ է տալիս մի քանի ճակատով՝ ավանդական ընդդիմության, ակտիվացած Ռոբերտ Քոչարյանի դեմ ու իր ներսում։ Հատկապես վերջին կռիվը հեետաքրքիր է, որովհետև դրա արդյունքում՝ ուրվագծվելու է այն դաշտը, որով գնալու ենք 2017-18թթ–ի ընտրական ցիկլին։

ԲՀԿ–ն իրեն դրսևորեց նաև Ազատության հրապարակում՝ շեշտված ընդդիմադիր ելույթով, բայց խորհրդարանի պատերի ներսում՝ մնալու է այլընտրանքային։ Մանավանդ որ՝ այստեղ «Սերժիկ, հեռացի'ր» ճնշող կարգախոսը հնչեցնող չկա։

ՀԱԿ–ը կորցրել է փողոցի աջակցության ուժը, բայց հերթական նստաշրջանում կփորձի խաղարկել մարտիմեկյան թեման՝ գոնե առաջիկա հանրահավաքի շուրջ ինտրիգ պահելու համար։

ՀՅԴ–ն հանդես է գալու «դիվանագիտական ընդդիմության» կարգավիճակով՝ այդպես էլ չհստակեցնելով, թե Գերմանիայում դեսպան աշխատող ընկեր Վահանի համար ո՞ւմ հրամանն է կարևոր՝ ընկեր Հրանտի, թե՞ հանրապետության նախագահի։

ՕԵԿ–ի մասին հիշելու հատուկ առիթներ չենք ունենա, եթե պարբերաբար ասուլիսներ չտա կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն, ով ՕԵԿ թերևս միակ լուրջ ռեսուրսն է։

Գլխավոր սյուրպրիզը մատուցելու է «Ժառանգությունը», որի անփոխարինելի սոխակ Զառան այս նստաշրջանից բացակա է լինելու։ Արգամիչի աչքը լույս…»