ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հունվարի 26-ից մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով Իրաքից դիզվառելիքի ներկրմանը` եզրակացրել էին, որ խմբաքանակի մուտքը հանրապետություն Մեղրիի սահմանային անցակետում «արգելվել է մեր մաքսավորների կողմից»: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ սահմանին դիզվառելիքի նշված խմբաքանակի մուտքի արգելքը մաքսային ընթացակարգերի հետ առնչություն չունի, մաքսային մարմինների կողմից որեւէ խոչընդոտ չի հարուցվել, եւ, հետեւաբար, կողմնակալ կամ սուբյեկտիվ մոտեցման մասին հետեւություններն իրականությանը չեն համապատասխանում:
Խնդիրը նշված խմբաքանակի որակի մեջ է, որի նկատմամբ հսկողությունն, ինչպես հայտնի է, մաքսային ծառայության գործառույթների տիրույթից դուրս է գտնվում: Մաքսային ծառայությունը համագործակցում է համապատասխան կառույցի հետ` հետեւողականություն դրսեւորելով ինչպես նշված խմբաքանակի, այնպես էլ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների որակի չափանիշների պահպանման հարցում: Այդ կերպ ծառայությունը կատարում է իր անմիջական պարտականությունը, որը հստակ սահմանված է Մաքսային Օրենսգրքի 9-րդ հոդվածում` սպառողների շահերի պաշտպանության նպատակով աջակցում է ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին»: