Ժողովուրդ թերթն անդրադարձել է օրեր առաջ Արմավիրի մարզում երկվորյակ քույրերի մահվան դեպքին և հիշեցրել, որ նախնական տվյալներով պատճառը դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերն է:
Մանկական կերերի թեմայով թերթի թղթակիցը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Ն. Փաշայանի հետ, ով մասնավորապես ասել է, որ թեև արգելվում է արհեստական կաթնախառնուրդների գովազդը և անվճար բաշխումը, սակայն կաթնախառնուրդ բաշխող կազմակերպությունները գտնում են անուղղակի գովազդի միջոցներ` այդ կերպ խախտելով արհեստական կաթնախառնուրդների վաճառահանման միջազգային օրենսգրքի հիմնարար դրույթները:
Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Բ. Պիպոյանն էլ հարցի առնչությամբ նշել է, որ լաբորատոր ցանցի կողմից ստուգվում են անվտանգության ցուցանիշները և միայն անվտանգության հավաստումից հետո է թույլատրվում մաքսազերծել և ընդունել իրացման ցանց:
«Մանկական կերերն էլ պետք է տարանջատել. կերեր, որոնք վաճառվում են թե դեղատներում, թե սուպերմարկետներում և կերեր, որոնք միայն դեղատներն իրավունք ունեն վաճառել: Բոլոր այն կերերը, որոնք իրավունք ունեն վաճառել միայն դեղատները, հավանաբար առողջապահության նախարարությունն էլ գործառույթ ունի, իսկ մյուս մասի հիմնական գործառույթը մերն է` ծառայությանը»,- ասել է Բ. Պիպոյանը:


