Ինչպես YerevanNews.am-ը արդեն հայտնել էր, երեկ ձերբակալվել էր մարզաշխարհում հայտնի Իսոն, ով կասկածվում է քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության մեջ: Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հաստատում է այդ տեղեկությունները:
«Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Իսրայել Սարգսյանին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ YerevanNews.am-ը արդեն հայտնել էր, որ հունվարի 27--ին սպանվել էր Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի 9 բն բնակիչ, 41-ամյա Արթուր Սաֆարյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է, իսկ անհայտ անձը նրա վրա կրակել է շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել: