Մենք արյունախում հեղափոխականներ չենք։ Մեր ուզածն ընդամենը ճշմարտությունը հասկանալն է։ Այս մասին այսօր խորհրդարանի նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նշենք, որ ԱԺ նիստում քննարկվում է ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված ԱԺ չորս խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը՝ գազի պարտքի վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի ստեղծելու մասին։

Մասնավորապես հանձնաժողովը պետք է քննարկի, թե ինչպես է կուտակվել 300 միլիոն դոլար պարտքը և ինչպես է ձեւավորվել գազի գինը:

Նա նշեց, որ նախևառաջ ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ինչպես է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը, որը մատակարարվում է իրեն, դրա դիմաց աշխարհում ամենաթանկ գինն է վճարում։

«Ես էլ էի շոկի մեջ, երբ ստացա իմ գազի հաշիվը։ Էլեկտրաէներգիայի և գազի հաշիվը լուրջ խնդրի առջևէ է կանգնեցրել շատերին։ Սա պայմանավորված է իշխանությունների ոչ կոմպետենտ բնույթով»,– ասաց Զուրաբյանը։

Նա մատնանշեց այն հարցերը, որոնք կարող է ստանալ հանձնաժողովի ձևավորումից։
Մասնավորապես՝ թե ինչպես է ձևավորվում գազի գնագոյացումը Հայաստանի սահմանից մինչև սպառողին հասնելը, ինչպես անկախ վերահսկողություն սահմանել գազի կալորիականության ցուցանիշի վերաբերյալ, ինչպես ապահովագրել ՀՀ քաղաքացիներին կոռուպցիոն գործարքների կնքումից և այլն։

Զուրաբյանը նշեց, որ կան հարցրեր, որոնց պատասխաններն իրենք ունեն. Կառավարությունը բազմաթիվ խախտումներ է կատարել։ «Եթե ունեն բացատրություն, թող ներկայանան հանձնաժողով և ապացուցեն իրենց իրավացիությունը»,– հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Նա ներկայացրեց այն խախտումները, որոնք դառնում են կառավարությանը անվստահություն հայտնելու հիմք։

Դրանցից առաջինը, ըստ Զուրաբյանի, պարտքի գոյացման գաղտնիության խնդիրն է։ Մասնավորապես, նրա խոսքերով, Կառավարությունը ԱԺ–ից և հասարակությունից թաքցրել է պետական պարտքի կուտակման փաստը։

Երկրորդ հարցադրումը՝ ԱԺ–ի սահմանադրական դերի արհամարհումն է։ Նրա խոսքերով, Կառավարությունը պետական պարտքի կուտակած գումարները չի արտացոլել բյուջեի պարտքի նախագծերում, հետևաբար ԱԺ–ին զրկել է իր վերահսկողական լիազորություններն իրականացնելու հնարավորությունից։
Զուրաբյանը նշեց, որ ստեղծվել են լրջագույն սպառնալիքներ պետական պարտքերի ռիսկերի կառավարման առումով։ Ըստ նրա՝ տեղի է ունեցել նաև պետական սեփականության ապօրինի մասնավորեցում։