Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերն առաջարկել էին գազի պայմանագիրն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։
Այդ հանձնաժողովը պետք է պատասխաներ երեք հարցերի, թե որտեղի՞ց է գոյացել 300 մլն դրամը, ինչո՞ւ է սահմանին գտնվող և սպառողին հասնող գազի սակագնի տարբերությունն այդքան մեծ և ո՞վ է որոշել «Հայռուսգազարդի» 20% բաժնեմասի գինը։
Նշենք, որ արդեն երկու օր է, ինչ ոչ ոք հստակ պատասխաններ չի տալիս այս հարցերին՝ նշելով, որ շուտով ԱԺ կգա Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով էլ կպատասխանի այս հարցերին:
Այսօր Նազարյանն ԱԺ-ում էր և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր հարցերն ուղղեց Նազարյանին, ով ներողություն խնդրեց և հայտարարեց, որ չի կարող պատասխանել, քանի որ այդ հարցերն իր լիազորությունների շրջանակում չեն։
Ինչին ի պատասխան, Մանուկյանը հայտարարեց.«Հենց դա էլ ուզում էի ապացուցել, երկու օր է մեզ ասում էին՝ իրենց լիազորությունների շրջանակներում չէ, ձեզ ուղղենք մեր հարցերը։ Ես այս հարցերը տվեցի հենց դրա համար, որ ապացուցեմ, որ դրանք հենց խորհրդարանի լիազորությունների շրջանակում են։ Ներող կլինեք, որ օգտագործեցի ձեզ հարց տալու իրավունքը՝ նրանց փոխարեն պատասխանելու համար»։
Հիշեցնենք նաև, որ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը մերժվեց: