Այժմ ընթանում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրացրեց Որոտանի կասկադի հարցը: Նա նշեց, որ Որոտանի կասկադը շահութաբեր կառույց է, որն իր շահույթի հաշվին ի վիճակի էր ներդրումներ անել և արդիականացվել: Ըստ նրա՝ կասկադի վաճառքը «տրադիցիոն ատկատային» մեխանիզմներով կնքված գործարք է:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ կասկադն արդեն 40 տարեկան է դառնում, իսկ նման կառույցների համար 40 տարին սահմանային տարիք է:
Լյուդմիլա Սարգսյանն էլ հստակ պատասխան խնդրեց հետևյալ հարցին՝ ինչո՞ւ կասկադի վաճառքը գաղտնի պահվեց ԱԺ-ից ու մրցույթ չանցկացվեց, հավելելով, որ դա մութ է մնացել:
«Դուք ձեր հարցերին պատասխանում եք, ինչ էլ որ պատասխանեմ, ձեզ համար մութ է մնում, եթե մութ է մնում, իմաստ չունի պատասխանել, ես չեմ պատասխանում»,- եզրափակեց Արմեն Մովսիսյանը: