ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը սահմանին տիրող իրավիճակի մասին հարց ուղղեց կառավարությանը, ցանկանալով հստակեցնել, թե ի՞նչ նոր սպառազինություն է ձեռք բերվում և ի՞նչ կտա այն մեզ:

Հարցին պատասխանեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նշելով, որ իրոք վերջին ժամանակներս հայ–ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածություն է տիրում և կրակոցները 5-6 անգամ ավելացել են:

«Լարվածությունը արտահայտվում էր կրակոցներով, անօդաչու թռչող սարքերով , լույսերով և այլ միջոցներով: Մեզ ոչինչ չի մնում անել, քան հակառակորդին պատժել, որն էլ և մենք անում ենք», - նշեց նա:

Խոսելով զենքերի խնդրի մասին, նա նշեց, որ ձեռք են բերվում նոր սպառազինություններ, այդ թվում՝ հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերում, հակաօդային պաշտպանության միջոցների ավելացում, որը հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել, այլև հարձակվել: